Կարիերայի Կենտրոնի Պատմություն

Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի կարիերայի կենտրոնը ստեղծվել է 2012 թվականին: Կենտրոնը գործում է մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի և ՀՀ ԿԳՆ համատեղ մշակված կանոնադրության հիման վրա։ Այն ստեղծվել է քոլեջի տնօրենի հրամանով և պատասխանատու է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդման ծառայությունների մատուցման համար:

Նպատակը` կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության, ուղղորդման աշխատանքների, ինչպես նաև կարիերայի պլանավորման կարողությունների ձևավորման միջոցով նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը, աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը:

Քոլեջի կարիերայի կենտրոնի աշխատանքները պլանավորում և իրականացնում են կարիերայի պատասխանատուները:

Տարիների ընթացքում ուսանողների մասնագիտական կողմնորոշման ծառայությունները մատուցվել են խորհրդատվության, տեղեկատվության հաղորդման և ուղղորդման եղանակներով, ինչն էլ կատարվել է անհատական կամ խմբային եղանակով: Յուրաքանչյուր տարի տարեկան պլանի համաձայն անցկացվել են ակտիվ դասընթացներ՝ բաց դասեր, քննարկումներ, կլոր սեղաններ, կազմակերպվել են աշխատարաններ, կազմակերպվել են կարիերայի օրեր, քոլեջ են հրավիրվել գործատուներ, ովքեր կիսվել են իրենց հաջողված փորձով ու պատմել իրենց անցած ճանապարհի մասին, կազմակերպվել են հանդիպումներ քոլեջի շրջանավարտների ու ուսանողների միջև:

Քոլեջի կարիերայի կենտրոնը միշտ բարձր է գնահատել ուսանողների կամավորական աշխատանքներում ներգրավվածությունը որպես հետագա աշխատանքի գրավական: Կենտրոնի պատասխանատուները ուսանողների մեջ սերմանել են հետաքրքրություն կամավորության հանդեպ, ինչի արդյունքում տարիների ընթացքում տասնյակ ուսանողներ հանդես են եկել որպես կամավոր բազմաբնույթ միջոցառումների ժամանակ, որն էլ հետագայում նրանց օգնել է աշխատանքի տեղավորվելիս:

Կարիերայի կենտրոնի պատասխանատուները մշտապես կապ են պահպանել գործատուների հետ. գործատու-ուսանող հանդիպումներ ու հարցազրույցներ կազմակերպել, արդյունքում բազմաթիվ ուսանողներ ընդունվել են աշխատանքի: Կարիերայի պատասխանատուները սոցիալական հարթակների և տեղեկատվական տախտակի միջոցով քոլեջի ուսանողներին և շրջանավարտներին տեղեկացնում են թափուր աշխատատեղերի և ոչ ֆորմալ դասընթացների հնարավորությունների մասին:

Յուրաքանչյուր տարի կատարվում է մասնագիտական կողմնորոշման աշխատանք հարակից դպրոցների աշակերտների հետ, նրանց համար կազմակերպվում է շրջայց քոլեջում, հանդիպում ուսանողների և դասախոսների հետ: Կազմակերպվում են նաև հանդիպումներ ՀՀ բուհերի ներկայացուցիչների հետ, քոլեջի ուսանողները կարիերայի կենտրոնի պատասխանատուների հետ այցելում են առաջավոր համալսարաններ:

Կարիերան ավելին է, քան աշխատանքը։

Երբեք ուշ չէ մասնագիտություն ընտրելու համար։

Կարիերայի կենտրոն. Մենք առաջնորդում ենք ապագան...