Կանոնադրություն

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ



Կազմված է 02.03.2021թ. և բաղկացած է 2 թերթից

Տպագրված է 3 օրինակից

Օրինակ 1

Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի

մարտի 1-ի N 274-Ա/2 հրամանով

 

________________________ Վ. Դումանյան

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ   Է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության իրավաբանական

անձանց պետական ռեգիստրի տարածքային բաժնի

կողմից 13.02.2003թ.

Գրանցման թիվ 282.210.04599

ՀՎՀՀ 00854028

14.02.2012թ. գրանցված կանոնադրության թիվ ___

փոփոխությունը գրանցվել է ՀՀ արդարադատության

նախարարության իրավաբանական անձանց

պետական ռեգիստրի կողմից

________________ 2021թ.

 __________________

 

 

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՀԱՅԱՍՏՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ Ն. ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ N 2 ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ»

(ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ)

 

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ

ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ Ն. ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ N 2 ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ»

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

1. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» պետական ոչ

առևտրային կազմակերպությունը» (այսուհետ՝ քոլեջ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող        իրավաբանական անձ հանդիսացող միջին մասնագիտական ուսումնական հաստատություն է:

Քոլեջը հանդիսանում է «Երևանի Ն. Աճեմյանի անվան առևտրի և սպասարկման պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության (գրանցման թիվ 282.210.04599) իրավահաջորդը:

2. Քոլեջի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր): Քոլեջն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից

կարող է  հանդիսանալ, ինչպես նաև հիմնարկ, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ունենալ միայն հիմնադրի որոշմամբ։

 

3. Քոլեջի անվանումն է՝

1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» պետական ոչ

առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ՝ Министерство образования, науки, культуры и спорта Республики Армения «Ереванский региональный государственный колледж N 2 имени Н. Ачемяна» государственная некоммерческая организация.

4) ռուսերեն կրճատ` МОНКС РА «Ереванский региональный государственный колледж N 2 имени Н. Ачемяна» ГНКО.

5) անգլերեն լրիվ՝ Ministry of Education, Science, Culture and Sport of the Republic of Armenia «Yerevan regional state college N 2 named after N. Atchemyan» State Non Profit Օrganization.  

6) անգլերեն կրճատ` MESCS RA «Yerevan regional state college N 2 named after N. Atchemyan» SNPO»:

 

4. Քոլեջի  գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Մոլդավական 37Ա:

5. Քոլեջը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտա­վո­րությունների համար պատասխանատու է այդ գույքով: Քոլեջն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային

և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտակա­նու­թյուններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Քոլեջն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ:

7. Քոլեջը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: Քոլեջը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և

անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցները ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել ռուսերեն

և (կամ) անգլերեն լեզուներ:

 

8. Քոլեջի կառավարման մարմիններն են` 

1) հիմնադիրը.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ լիազորված մարմին).

3) քոլեջի կոլեգիալ կառավարման մարմինը` քոլեջի խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ).

4) քոլեջի գործադիր մարմինը` քոլեջի տնօրենը (այսուհետ` տնօրեն):

9. Քոլեջն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապե­տության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

10. Քոլեջում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է:

11. Քոլեջում գործավարությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

12. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել oտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

 

 

II. ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Քոլեջի գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրու­թյամբ սահմանված կարգով

իրականացնել նաև հանրակրթական  և (կամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր:

14. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրու­թյամբ նախատեսված կարգով՝

1) իրականացնում է ուսանողների և ունկնդիրների ընդունելություն, ապահովում է նրանց ուսումնական գործընթացի, ընթացիկ և պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումն ու անցկացումը.

2) կրթական ծրագրերի առավել արդյունավետ յուրացման նպատակով ուսուցման առաջավոր ձևերի, մեթոդների և միջոցների ընտրությամբ քոլեջի ուսանողների համար ստեղծում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ.

3) կարող է իրականացնել մեծահասակների կրթության և ուսուցման ծրագրեր.

4) ապահովում է դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների վերա­պատրաստումը, որակավորման բարձրացումը.

5) աջակցում է քոլեջի ուսանողական խորհրդի աշխատանքներին, ինչպես նաև քոլեջի ուսանողների մասնակցությանը քոլեջի կառավարմանը և քոլեջի կողմից իրա­կանացվող ծրագրերում.

6) միջոցներ է ձեռնարկում քոլեջի ուսանողների ինքնազարգացման, առողջության պահպանման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման և սննդի կազմակերպման համար.

7) իրականացնում է միջին մասնագիտական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր:

 

15. Քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են՝

1) կրթական առաջավոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ դառնալ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման առավել մեծ ներուժ ունեցող լիարժեք կառույց՝ գերազանցության և տարածաշրջանային ռեսուրսային կենտրոն՝ ստանձնելով բարեփոխումներն առաջնորդողի, տարածողի դերը.

2) իր մարզի, համայնքի (Երևանում գտնվելու դեպքում նշել՝ Երևանի) ու երկրի զարգացման պահանջների բավարարմանը և մասնագիտական կրթության համակարգի զարգացմանն ուղղված մասնագիտական, կառավարչական, ուսումնամեթոդական, գիտա­ման­կավարժական, մշակութային, նյութատեխնիկական ներուժի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև հարակից ուսումնական հաստատությունների զարգացմանն օժանդակելը.

3) մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում նորարարությունների, ինչպես նաև տեղայնացված առաջավոր միջազգային փորձի ներդրումը, զարգացումն ու տարածումը, կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրումը և տեղայնացումը, կրթության գլոբալ համակարգերին ինտեգրումը.

4) աշխատանքային շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետների պատրաստումը (վերապատրաստումը, մասնագետների որակավորման բարձրացումը և վերաորակավորումը).

5) ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու ակտիվ քաղաքացու համակողմանի ձևավորումը.

6) ուսումնառության ընթացքում անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

7) մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ներդրումը.

8) սոցիալական գործընկերության համակարգում երկխոսության խթանմանը նպաստելը:

 

16. Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

 11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայու­թյուն­ների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

 

17. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար քոլեջն իրավունք ունի հիմնադրի որոշմամբ ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ դառնալու նրանց մասնակից:

18. Քոլեջը կրթական ծրագրերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման, պետական հավատարմագրման դեպքում: Քոլեջը կարող է
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ նաև հասարակական հավատարմագրում:

19. Քոլեջի գործունեության ընթացքում առաջացած շահույթը (միջոցները) հիմնադրի սահմանած կարգով օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման

համար:

 

 

III. ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԻ ԵՎ   ԼԻԱԶՈՐՎԱԾ   ՄԱՐՄՆԻ   ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Հիմնադիրն ունի քոլեջի գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկա­ցած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված

դեպքերի: Հիմնադիրն օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակում`

1. սահմանում է քոլեջի գործունեության առարկան և նպատակները, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները.

2. սահմանում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով քոլեջի կողմից տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ նրանց մասնակից դառնալու կարգը.

3. վերակազմակերպում կամ լուծարում է քոլեջը.

4. իրականացնում է այլ լիազորություններ:

21. Լիազորված մարմինն իրականացնում է քոլեջի ընդհանուր կառավարումը, ապահովում է նրա բնականոն գործունեությունը: Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված իր իրավասությունների շրջանակում`

1. հաստատում է քոլեջի կանոնադրությունը և դրանում կատարված փոփոխու­թյունները.

2. սահմանում է քոլեջի կառավարման համակարգը.

3. սահմանում է քոլեջին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող պետությանը պատկանող գույքը.

4. վերահսկողություն է իրականացնում քոլեջին ամրացված պետական սեփակա­նության օգտագործման և պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս քոլեջի գույքի օտարման կամ

վարձակալության հանձնման համար.

5. լսում է քոլեջի գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

6. կասեցնում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչում տնօրենի կամ խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը.

7. քոլեջի լուծարման դեպքում նշանակում է լուծարման հանձնաժողով և հաստատում է  լուծարման հաշվեկշիռը.

8. իրականացնում է այլ լիազորություններ: 

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Խորհուրդը բաղկացած է 12 անդամից, որոնց անվանական կազմը սույն կանոնադրության 23-րդ կետով սահմանված կարգով առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հաստատում է լիազորված մարմինը: Խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

 

23. Խորհրդի անդամներից՝

1. 1-ի թեկնածությունը լիազորված մարմնին առաջադրում է Երևանի քաղաքապետը.

2. 6-ին, այդ թվում՝  պետական պաշտոն զբաղեցնող, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ` 1, սոցիալական գործընկերներ` 4, տարածքային զբաղվածության

ծառայության ներկայացուցիչներ` 1,  որոշում է լիազորված մարմինը.

3. 2-ի թեկնածությունը քոլեջի մանկավարժական կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է քոլեջի մանկավարժական խորհուրդի կողմից

սահմանված ընթացակարգի համաձայն.

4. 3-ի թեկնածությունը քոլեջի ուսանողների կազմից լիազորված մարմնին ներկայացնում է տնօրենը, որոնց թեկնածությունն առաջադրվում է քոլեջի ուսանողական խորհուրդի կողմից

սահմանված ընթացակարգի համաձայն:

 

24. Խորհուրդն իր կազմից, քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ չի կարող լինել

խորհրդում քոլեջի ուսանողական խորհրդի ներկայացուցիչը, քոլեջի հաստիքային աշխատողը (ամբիոնի վարիչ, առարկայական (ցիկլային) հանձնաժողովի նախագահ, դասախոս, այլ աշխատող):

25. Խորհրդի անդամ չի կարող լինել տնօրենը:

 

26. Խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրու­թյամբ և իր աշխատակարգով նախատեսված կարգով`

1. քննարկում և լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում սույն կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին առաջարկություններ.

2. հաստատում է իր աշխատակարգը, ընտրում է խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, քարտուղար.

3. հաստատում է քոլեջի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

4. սահմանում է տնօրենի ընտրության մրցութային ընթացակարգը, կազմակերպում, անցկացնում է մրցույթը և մրցույթում հաղթող ճանաչված տնօրենի թեկնածուին (թեկնածուներին) ներկայացնում է

լիազորված մարմնին.

5. իրականացնում է տնօրենի գործունեության ընթացիկ վերահսկողությունը, քննարկում և հաստատում է նրա հաշվետվությունները.

6. սույն կանոնադրության 36-րդ կամ 41-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կարող է լիազորված մարմնին առաջարկություն ներկայացնել տնօրենի լիազորությունները վաղաժամկետ

դադարեցնելու վերաբերյալ.

7. քոլեջի իրավասությանը վերապահված ներքին կառավարման հարցերի վերաբերյալ տնօրենին և խորհրդին խորհրդատվական առաջարկություններ (եզրակացու­թյուններ) ներկայացնելու նպատակով, տնօրենի

առաջարկությամբ, քոլեջի փոխտնօրենների, ամբիոնի վարիչների, բաժանմունքների վարիչների, մանկավարժների և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների կազմից կարող է ստեղծել քոլեջի տնօրինական խորհուրդ, սահմանել դրա իրավասությունը և գործունեության կարգը.

8. քոլեջի ուսանողների կրթության և դաստիարակության որակի կատարելագործ­ման, մանկավարժական կազմի աշխատողների մանկավարժական վարպետության բարձրացման, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման նպատակով, տնօրենի առաջար­կությամբ, կարող է ստեղծել քոլեջի մանկավարժական, ուսումնամեթոդական մասնագի­տական խորհուրդներ, ինչպես նաև ամբիոնների, մասնագիտական և առարկայական հանձնաժողովներ, սահմանել դրանց կազմերը, իրավասությունը և գործունեության կարգերը.

9. հաստատում է քոլեջի ռազմավարական ծրագրերը.

10. տնօրենի առաջարկությամբ կարող է սահմանել քոլեջի մանկավարժական աշխա­տողների նշանակման մրցութային ընթացակարգ, կազմակերպել և անցկացնել մրցույթը.

11. հաստատում է քոլեջի տնօրենի և մանկավարժների գնահատման իրականացմանն ուղղված միջոցառումները.

12. լիազորված մարմին է ներկայացնում քոլեջի տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունները.

13. սահմանում է քոլեջում մեկ ուսանողի համար ուսման վճարի չափը` համաձայ­նեց­նելով լիազորված մարմնի հետ.

14. տնօրենի առաջարկությամբ սահմանում է ներքոլեջային կրթաթոշակներ և դրանց տրամադրման կարգը, ինչպես նաև ուսանողական նպաստներ, պետական և ներքոլեջային կրթաթոշակներ ստացող քոլեջի ուսանողների անվանական կազմերը.

15. հիմնադրի սահմանած կարգով որոշում է քոլեջի շահույթի տնօրինման ուղղությունները.

16. տնօրենի առաջարկությամբ քննարկում է քոլեջի ուսումնական պլանները և առարկայական ծրագրերի նախագծերը.

17. տնօրենի առաջարկությամբ քննարկում և առաջադրում է պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները.

18. քոլեջի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջար­կու­թյուններ է ներկայացնում լիազորված մարմնին.

19. հաստատում է քոլեջի ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոնները, եթե հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.

20. լիազորված մարմնի սահմանած նոր նպատակների և տարեկան թիրախների հիման վրա հաստատում է քոլեջի միջնաժամկետ բիզնես-պլանները և տարեկան պլանները.

21. հաստատում է տնօրենի և մանկավարժների  պարգևատրման, նյութական խրախուսման, ինչպես նաև պաշտոնից ազատման մեխանիզմների ներքին կանոնակարգերը.

22. հաստատում է խորհրդի անդամների վերապատրաստման կարիքների գնահատ­մանը և նրանց գործուղմանն ուղղված միջոցառումները. 

23. հաստատում է քոլեջի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

24. համաձայնություն է տալիս սեփականության իրավունքով քոլեջին պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքների կնքման համար, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

25. իրականացնում է այլ լիազորություններ, ինչպես նաև հաստատում է քոլեջի գործունեությունը կանոնակարգող ներքին այլ փաստաթղթեր, եթե հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

 

27. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստերը գումարում է խորհրդի նախագահը՝ իր, խորհրդի անդամների մեկ երրորդի կամ տնօրենի նախաձեռնությամբ: Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով խորհրդի նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով:

28. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

29. Խորհրդի նիստերը, որպես կանոն, բաց են: Խորհրդի նիստերն անցկացվում են սույն կանոնադրությանը և խորհրդի աշխատակարգին համապատասխան: Խորհրդի նիստերին, ըստ անհրաժեշտության, խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել քոլեջի աշխատողներ, ուսանողներ և նրանց ծնողներ, հասարակայնության, կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

30. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են խորհրդի լիազորություններն ավարտվելու դեպքում կամ, եթե նա՝

1. հրաժարական է տվել.

2. առաջադրված է եղել քոլեջի ուսանողական խորհրդի կողմից և կորցրել է քոլեջի ուսանողի կարգավիճակը.

3. առաջադրված է եղել քոլեջի մանկավարժական կազմի խորհրդի կողմից և կորցրել է քոլեջում իր աշխատանքը.

4. դատապարտվել է ազատազրկման.

5. դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ.

6. առանց հարգելի պատճառի երեք անգամ չի մասնակցել խորհրդի նիստերին.

7. մահացել է:

 

31. Խորհրդի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել  լիազորված մարմնի որոշմամբ, եթե խորհուրդն առանց հարգելի պատճառի երեք անգամ անընդմեջ նիստեր չի գումարում կամ որոշում չի ընդունում իր լիազորությանը վերապահված հարցերի վերաբերյալ:

32. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել լիազորված մարմնի որոշմամբ՝ խորհրդի այդ անդամի թեկնածությունն առաջադրած մարմնի առաջարկությամբ:

33. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրության 22-րդ և 23-րդ կետերի պահանջներին համապատասխան: Թափուր տեղ առաջանալուց հետո տնօրենը տասնօրյա ժամկետում Լիազոր մարմնին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն և/կամ առաջարկություն:

34. Խորհրդի որոշումները կարող են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բողոքարկվել՝  լիազորված մարմնին կամ դատարան:

 

V. ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Տնօրենի թեկնածուն (թեկնածուները) ընտրվում է (ընտրվում են) խորհրդի սահմանած մրցութային ընթացակարգով: Լիազորված մարմինը մրցույթի արդյունքում խորհրդի կողմից հաղթող ճանաչված տնօրենի թեկնածուի կամ թեկնածուներից մեկի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կնքում է պայմանագիր:

 

36. Տնօրենի պաշտոնը  չի կարող զբաղեցնել այն անձը`

1. ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

2. ում օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.

3. ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակեր­պության ղեկավար:

 

37. Տնօրենն օրենքով, հիմնադրի որոշումներով, լիազորված մարմնի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկա­վարում է քոլեջի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն իր պար­տականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

 

38. Տնօրենը` 

1. առանց լիազորագրի հանդես է գալիս քոլեջի անունից, ներկայացնում է նրա շահերն ու կնքում է գործարքներ.

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազոր մարմնի որոշումներով և սույն կանո­նադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է քոլեջի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3. սահմանում է քոլեջի կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.

4. աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում քոլեջի հիմնարկների, ներկայացուցչությունների, մասնաճյուղերի ղեկավարներին և քոլեջի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5. տալիս է քոլեջի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորագրման իրավունքով լիազորագրեր.

6. բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

7. կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

8. համաձայն տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշիչի՝ հաստատում է քոլեջում ուսուցանվող յուրաքանչյուր մասնագիտության ուսումնական պլանը, առկայության դեպքում՝ մոդուլային ուսումնական պլանը, առարկայական և (կամ) մոդուլային ծրագրերը և դրանցում կատարում փոփոխություններ.

9. հաստատում է այն մասնագիտության կամ մասնագիտական որակավորման գծով ուսումնական պլանը և առարկայական ծրագիրը, որի պետական կրթական չափորոշիչը հաստատված չէ.

10. ուսումնական պլաններով սահմանում է քոլեջի ուսանողների ուսումնառության արդյունքների ընթացիկ, միջանկյալ, ամփոփիչ ստուգման ձևերը և պարբերականությունը.

11. խորհրդի հաստատմանն է ներկայացնում ուսանողական նպաստներ և պետա­կան կրթաթոշակներ ստացող քոլեջի ուսանողների անվանական կազմը.

12. կարող է խորհրդին առաջարկություն ներկայացնել ներքոլեջային կրթաթոշակներ նշանակելու մասին.

13. անհրաժեշտ պայմաններ է ստեղծում քոլեջի մանկավարժական կադրերի մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

14. քոլեջի ուսանողներին տեղեկատվություն է տրամադրում տվյալ ոլորտում զբաղվածության վիճակի մասին, իսկ հնարավորության դեպքում՝ նաև օժանդակում է նրանց աշխատանքի տեղավորմանը.

15. վերահսկողություն է իրականացնում քոլեջում ուսուցման բովանդակության, ուսանողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, դաստիարակչական աշխատանքի կազ­մա­կերպման նկատմամբ.

16. ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, սանիտարական նորմերի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահանջների կատարումը.

17. տարեկան մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում լիազորված մարմին.

18. իր լիազորությունների սահմաններում արձակում է քոլեջում և նրա ստորա­բաժանումներում կատարման համար պարտադիր հրամաններ, հրահանգներ, տալիս է ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

19. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ քոլեջի իրավասությանը վերապահված այլ լիազորություններ, որոնք խորհրդին կամ քոլեջի այլ մարմնի վերապահված չեն:

 

39. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված մարմնի, խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրություն­ները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխա­նատվության:

40. Տնօրենի բացակայության դեպքում լիազորված մարմնի հրամանի համաձայն տնօրենի լիազորություններն իրականացնում է այլ անձ:

 

41. Տնօրենը չի կարող`

1. միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2. անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3. քոլեջի հետ կապված հարաբերություններում լինել երրորդ անձանց ներկայա­ցուցիչ.

4. ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ` բացառությամբ Հայաստանի Հանրա­պետության օրենքով նախատեսված դեպքերի:

42. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են լիազորված մարմնի որոշմամբ, եթե`

1. նա դիմում է այդ մասին.

2. լրացել է նրա 65 տարին.

3. նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

4. ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

5. նա ավելի քան երեք օր անընդմեջ անհարգելի պատճառներով չի ներկայացել աշխա­տանքի.

6. նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ կամ առաջ են եկել սույն կանոնադրության 36-րդ կամ 41-րդ կետերով նախատեսված հանգամանքները.

7. նա իր գործառույթներն իրականացնելիս քոլեջին կամ պետությանն իր մեղքով հասցրել է վնաս, որի գումարը գերազանցում է քոլեջին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի հինգ տոկոսը.

8. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգոր­ծունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

9. օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դա­տավճիռը.

10. նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

11. դատական կարգով քոլեջը ճանաչվել է սնանկ կամ քոլեջն ունի դատական կարգով որոշված և դատարանի կողմից համապատասխան վճիռն ընդունվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իր մեղքով չկատարված գույքային պարտավորություն.

12. քոլեջի կողմից վճարման ենթակա հարկերը կամ պարտադիր այլ վճարներն իր մեղքով սահմանված ժամկետից հետո հաշվետու ժամանակաշրջանում չի վճարել.

13. մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության:

 

43. Տնօրենի լիազորությունները դադարում են նրա մահվամբ:

 

44. Սույն կանոնադրության 42-րդ կետի՝

1. 1-ին ենթակետով նախատեսված դեպքում տնօրենի լիազորությունները դադարեցվում են դիմումում նշված օրվանից.

2. 2-րդ, 3-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձու­թյունը տեղի ունենալու կամ համապատասխան որոշումը, վճիռը կամ դատավճիռն ուժի մեջ մտնելու հաջորդող օրը.

3. այլ ենթակետերով նախատեսված դեպքերում տնօրենի լիազորությունները դադարեցվում են համապատասխան իրադարձությանը հաջորդող մեկ ամսվա ընթացքում:

 

45. Սույն կանոնադրության 43-րդ կետով նախատեսված դեպքում տնօրենի լիազորությունները դադարեցվում են մահվան պահից:

46. Տնօրենի հրամանները, հրահանգները, ցուցումները կարող են օրենքով սահ­մանված կարգով բողոքարկվել լիազորված մարմին կամ դատարան: 

 

VI. ՔՈԼԵՋԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

47. Քոլեջն ունի մանկավարժական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնա­օժանդակ և այլ անձնակազմեր: Քոլեջի մանկավարժական կազմում ընդգրկվում են դասախոսները, արտադրական ուսուցման վարպետները:

48. Քոլեջի մանկավարժական աշխատողների տարակարգերին և պաշտոններին ներկայացվող պահանջները, մրցույթների կազմակերպման և անցկացման, վերապատրաստման և ատեստավորման կարգերը հաստատում է լիազորված մարմինը:

 

49. Քոլեջի աշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունի՝

1. մասնակցելու քոլեջի կառավարմանը.

2. ընդգրկվելու համապատասխան մասնագիտական, առարկայական խորհուրդների կազմում.

3. պետական կրթական ընդհանուր չափորոշիչի շրջանակներում ընտրելու և օգտագործելու կրթական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ուսուցման ու դաստիարակության մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր, գիտելիքների գնահատման մեթոդներ.

4. օգտվելու քոլեջի տեղեկատվական ֆոնդերից, ուսում­նական, գիտական, սոցիալկենցաղային, բուժական և այլ ծառայություններից, տեխնի­կական հնարավորություններից.

5. օգտվելու այլ իրավունքներից:

 

50. Քոլեջի աշխատողը պարտավոր է՝

1. կատարել սույն կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

2. հետևել բարոյականության նորմերին, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություն­ներից և արտահայտություններից, որոնք կարող են հան­գեցնել հաստատության անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վատացմանը.

3. բարեխղճորեն կատարել իր աշխատանքային պարտականությունները.

4. ապահովել իր գործունեության պատշաճ մասնագիտական մակարդակը, շարունակաբար կատարելագործել իր մասնագիտական և մանկավարժական հմտությունները.  չկիրառել դաստիարակության այնպիսի մեթոդներ, որոնք կհանգեցնեն  ուսանողի անձի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան բռնության:

 

       VII. ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

 

51. Քոլեջի ուսանողը միջին մասնագիտական կրթական ծրագրեր յուրացնելու համար տնօրենի հրամանով, մրցութային հիմունքով ընդունված անձն է, որին տրվում  է սահմանված նմուշի ուսանողի տոմս և ստուգման գրքույկ:

52. Քոլեջի ունկնդիրը տնօրենի հրամանով ընդունված անձն է՝ նախապատ­րաստական կամ կարճաժամկետ դասընթացներում, մասնագետների որակավորման բարձրացման և վերա­պատ­րաստման բաժանմունքում սովորելու համար: Ունկնդիրը կրթական ծառայություններ ստանալիս օգտվում է ուսանողի իրավունք­ներից:

53. Քոլեջի ուսանողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ, ներքին կարգապահության կանոններով:

 

54. Քոլեջի ուսանողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունի՝

1. ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր (էլեկտիվ) և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) դասընթացներ, որոնք տրամադրում է քոլեջը.

2. մասնակցելու քոլեջի կառավարմանը` ընդգրկվելով խորհրդի կազմում, մաս­նակցելու ուսանողական խորհրդի, խմբակների, ակումբների ստեղծմանը և դրանց աշխա­տանքներին.

3. մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը` պահպանելով մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջները.

4. ստանալու կրթություն՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և ձեռք բերելու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակար­դակին համապատասխան գիտելիքներ.

5. ստանալու երկրորդ մասնագիտություն կամ օգտվելու լրա­ցուցիչ (այդ թվում՝ վճա­րովի) կրթական ծառայություններից.

6. վճարովի ուսուցման համակարգից փոխադրվելու անվճար ուսուցման համակարգ.

7. առողջական պատճառներով կամ այլ բացառիկ դեպքերում ստանալու ակադեմիա­կան արձակուրդ՝ պահպանելով իր ուսանողական իրավունքը, ինչպես նաև վերականգնելու ուսումնառությունը որևէ պատճառով անավարտ թողած իր ուսանողական իրավունքը.

8. տեղափոխվելու մեկ այլ, այդ թվում՝ նաև պետական հավատարմագրում ստացած, մասնագիտական ուսումնական հաստատություն.

9. անվճար օգտվելու քոլեջի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութայինլուսավորչական ծառայություններից.

10. մասնակցելու քոլեջի հետազոտական, նախագծային աշխատանք­ների կատար­մանը.

11. ստանալու ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման պետական նպաստ և կրթաթոշակ.

12. օգտվելու սահմանված չափի՝ ներառյալ անվանական, ինչպես նաև իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նշանակած կրթաթոշակներից, նպաստներից և վարկերից, նվիրատվություններից և դրամաշնորհներից.

13. օգտվելու այլ իրավունքներից:

 

55. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության) քոլեջից ազատված ուսանողը վերականգնվելիս` պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ կամ կրթաթոշակ ստանալու իրավունքը:

56. Քոլեջի ուսանողը և դիմորդն իրավունք ունի ծանոթանալու սույն կանո­նադրու­թյանը, քոլեջի լիցենզիային և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավա­տար­մագրման վկայականին:

57. Քոլեջի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը քոլեջի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Քոլեջի ուսանողական խորհուրդը համարվում է ստեղծված և օգտվում է սույն կանոնադրությամբ նախատեսված իրավունքներից՝ խորհրդի նախագահին իր անվանական կազմը և գործունեության կարգը պաշտոնապես ներկայացնելու պահից: 

 

58. Քոլեջի ուսանողը պարտավոր է՝

1. կատարել սույն կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

2. խնամքով վերաբերվել քոլեջի գույքին.

3. հարգել աշխատողների և ուսանողների իրավունքներն ու արժանապատվությունը.

4. վճարովի հիմունքներով սովորելիս՝ սահմանված կարգով և ժամկետներում վճարել ուսման վարձը.

5. կատարել կրթական ծրագրերի պահանջները.

6. հաճախել պարտադիր համարվող դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.

7. բարձր պահել քոլեջի ուսանողի պատիվն ու հեղինակությունը.

8. պահպանել հասարակության բարոյական նորմերը:

 

59. Բարձր առաջադիմություն, փորձարարական-նախագծային աշխատանք­ներում գործուն և արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ուսանողների համար խորհրդի կողմից կարող են սահմանվել խրախուսման նյութական ու այլ ձևեր:

60. Ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի պահանջները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը չկա­տա­րելու, անբավարար ակադեմիական առաջադի­մու­թյուն ցուցաբերելու, ինչպես նաև սույն կանոնադրության կամ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պահանջները խախտելու համար ուսանողը կարող է  տնօրենի կամ նրա լիազորած անձի կողմից ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև քոլեջից հեռացվելը:

 

VIII. ՔՈԼԵՋԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

61. Քոլեջի սեփականությունը ձևավորվում է քոլեջի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից  սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև քոլեջի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

62. Հիմնադիրը կարող է քոլեջին անհատույց և անժամկետ օգտագործման իրա­վունքով ամրացնել ցանկացած գույք կամ հետ վերցնել իր կողմից քոլեջին ամրացված գույքը: Քոլեջի ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

63. Քոլեջը սեփականության իրավունք ունի ամրացված գույքի օգտագործման արդյունքում քոլեջի ստացած եկամուտների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քոլեջին նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ: Սեփականության իրավունքով քոլեջին պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ քոլեջի լուծարումից հետո մնացած գույքի:

64. Հիմնադրի կողմից քոլեջին ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտա­դիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ քոլեջի օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

65. Քոլեջն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: Քոլեջի սեփակա­նության պահպանման հոգսը կրում է քոլեջը:

66. Քոլեջը իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվակամի հունիսի 4-ի N 914-Ն որոշման: Վարձակալության հանձնված գույքի վարձա­կա­լական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

66.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն քոլեջներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոց­ների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետու­թյան պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապե­տության կառավա­րության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես քոլեջներն իրենց կանոնադրական գոր­ծառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրում է կազմա­կեր­պության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապա­տասխան քոլեջներին փոխանցելու համար:

67. Քոլեջի զբաղեցրած տարածքները (այդ թվում՝ դասասենյակ, լաբորատորիա, առարկայական կաբինետ, մարզադահլիճ, գրադարան-ընթերցասրահ, համակարգչային սենյակ, արհեստանոց, օժանդակ բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլ տարածքներ) ըստ կրթական ծրագրի պետք է համապատասխանեն հիմնադրի սահ­մանած նորմատիվների պահանջներին:

68. Քոլեջն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարելու, գրավ դնելու, հանձնելու անհատույց օգտագործման:

69. Քոլեջի սեփականության վրա բռնագանձում  կարող է տարածվել միայն դատա­կան կարգով:

70. Հիմնադրի կողմից գույքը քոլեջին ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

 

IX. ՔՈԼԵՋԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

71. Քոլեջի հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարվում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

72. Քոլեջն ըստ հիմնադրի սահմանած չափի և հատկացումների ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից:

 

73. Քոլեջի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝

1. սեփական միջոցները, որոնք գոյանում են ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ և օրենքով չարգելված գործունեության այլ տեսակներից.

2. Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբա­նա­կան և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, դրամաշնորհներն ու վարկերը.

3. Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները:

 

74. Քոլեջն իր միջոցների հաշվին աշխատողների աշխատավարձի նկատմամբ կարող է կիրառել հավելումներ:

 

75. Քոլեջը կարող է վճարովի հիմունքներով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունք­ների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին մասնակիորեն փոխհատուցել ուսման վճարը`

1. սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միա­վորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.

2. միակողմանի ծնողազուրկ (միածնող) և երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին.

3. 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.

4. վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.

5. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին.

6. հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին.

7. մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.

8. ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` քոլեջի հայեցողությամբ.

9. քոլեջի հայեցողությամբ` այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին:

 

76. Քոլեջը սահմանված կարգով ֆինանսական գործունեության մասին հաշվետվու­թյուն է ներկայացնում լիազորված մարմին:

77. Քոլեջը հիմնադրի սահմանած կարգով հրապարակում է իր տարեկան ֆինան­սական հաշվետվությունը:

78. Քոլեջի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` հիմնադրի սահմանած կարգով:

 

 

X. ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

79. Քոլեջը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Քոլեջը կարող է վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի: Քոլեջը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահման­ված դեպքերում և կարգով:

80. Քոլեջի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

81. Քոլեջը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Քոլեջը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

82. Քոլեջը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

83. Քոլեջի լուծարման դեպքում քոլեջի պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ քոլեջի ուսանողների (ունկնդիրների) հետագա ուսուցման կարգը սահմանում է հիմնադիրը: